ՀՀ Աշխատանքային օրենսգիրք

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ոչնչացրեց շահագործման ու ճնշման կարգերը: Շահագործողների համար հարյուրամյակներ շարունակ հարկադրական աշխատանք կատարելուց հետո առաջին անգամ աշխատավորները հնարավորություն ստացան աշխատելու իրենց համար, իրենց հասարակության համար:

 

Սոցիալիզմի հաղթանակի շնորհիվ Խորհրդային Միությունում լիովին և ընդմիշտ վերացվեց մարդու կողմից մարդու շահագործումը: ԽՍՀՄ-ում, որի կազմի մեջ մյուս միութենական հանրապետությունների հետ կամավոր միավորման և իրավահավասարության հիմունքով մտնում է Հայաստանի Հանրապետությունը, աշխատանքի հասարակական կազմակերպման հիմքը կազմում է սոցիալիստական սեփականությունը, որը բացեց ազատ աշխատանքի դարաշրջանը հանուն աշխատավոր մարդու լավ կյանքի: Շահագործումից զերծ աշխատանքը, որը երաշխավորված է սոցիալիստական հասարակարգի կողմից, անհատի իսկական ազատության հիմնական պայմանն է:

Սոցիալիստական հասարակարգում, որտեղ չկան շահագործողներ և շահագործվողներ, իրականացվում է աշխատանքի համընդհանրություն հասարակության բոլոր աշխատունակ անդամների համար և ապահովվում է բոլոր քաղաքացիների աշխատելու հնարավորությունը: ԽՍՀՄ-ում գործում է «Յուրաքանչյուրից` ըստ նրա ընդունակության, յուրաքանչյուրին` ըստ նրա աշխատանքի» սոցիալիզմի սկզբունքը, աշխատանքը յուրաքանչյուր աշխատունակ քաղաքացու պարտականությունն ու բարոյական պարտքն է` ըստ «Ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքի: Սոցիալիստական հասարակարգը ստեղծում է մարդկանց նյութական ու բարոյական շահագրգռվածություն աշխատանքի ավելի լավ արդյունքների, հանրային արտադրության անընդհատ զարգացման ու կատարելագործման ասպարեզում: Սոցիալիստական արտադրության աճը ամուր բազա է ապահովում սովետական ժողովրդի նյութական բարեկեցության և կուլտուրական մակարդակի անշեղ բարձրացման համար: Խորհրդային պետությունը կատարելագործում է աշխատանքի նյութական ու բարոյական խթանման ձևերը և ըստ ամենայնի աջակցում է աշխատավորների մասսայական սոցիալիստական մրցության ու աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի համար ծավալված շարժման զարգացմանը:

Կոմունիզմի կառուցման կարևորագույն պայմանը աշխատանքի ավելի բարձր արտադրողականության հասնելն է, հանրային արտադրության արդյունավետության բարձրացումը: Այդ խնդրի լուծումը պահանջում է արագացնել գիտատեխնիկական առաջադիմությունը ամբողջ տնտեսության մեջ, անշեղորեն բարձրացնել աշխատավորների կուլտուր-տեխնիկական պատրաստությունը, բարձրացնել նրանց աշխատանքի կազմակերպվածության ու կարգապահության մակարդակը:

ԽՍՀՄ-ում գիտատեխնիկական առաջադիմությունը զուգորդվում է բնակչության լրիվ զբաղվածության հետ և օգտագործվում է աշխատանքը արմատապես դյուրացնելու, աշխատանքային շաբաթը կրճատելու, ֆիզիկական ծանր և ամեն տեսակի չորակավորված աշխատանքը վերացնելու համար: Գիտատեխնիկական առաջադիմության զարգացման հետ միասին աստիճանաբար տեղի է ունենում մարդկանց արտադրական գործունեության մեջ մտավոր և ֆիզիկական աշխատանքի օրգանական միացման պրոցես: Լայն մասշտաբներով իրականացվող անվճար մասնագիտական և պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը երաշխավորում է աշխատանքի տեսակի ու պրոֆեսիայի ազատ ընտրություն, հաշվի առնելով հասարակության շահերը:

Աշխատավորների առողջության պահպանումը, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը, պրոֆեսիոնալ հիվանդությունների և արտադրական տրավմատիզմի վերացումը խորհրդային պետության գլխավոր մտահոգություններից մեկն է: Խորհրդային հասարակության մեջ աշխատավորների համաժողովրդական (պետական) սեփականություն հանդիսացող ձեռնարկությունները կառավարվում են պատգամավորների խորհուրդների և նրանց կողմից ստեղծվող պետական կառավարման մարմինների միջոցով: Բանվորներին ու ծառայողներին ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը ներգրավելու գործում հսկայական դեր են խաղում արհեստակցական միությունները: ԽՍՀՄ սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան ապահովվում է քաղաքացիների իրավահավասարությունը աշխատանքի ասպարեզում, անկախ ազգությունից և ռասայից: Կնոջը ԽՍՀՄ-ում տղամարդուն հավասար տրված են աշխատանքի, աշխատանքի վարձատրության, հանգստի և սոցիալական ապահովության իրավունքներ:

Քաղաքացիների աշխատանքային իրավունքները պահպանվում են օրենքով: Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը իրականացվում է պետական մարմինների, ինչպես նաև արհեստակցական միությունների և մյուս հասարակական կազմակերպությունների կողմից:

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի խնդիրները

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է բոլոր բանվորների ու ծառայողների աշխատանքային հարաբերությունները, նպաստելով աշխատանքի արտադրողականության աճին, աշխատանքի որակի բարելավմանը, հանրային արտադրության արդյունավետության բարձրացմանը և, դրա հիման վրա, աշխատավորների կյանքի նյութական ու կուլտուրական մակարդակի բարձրացմանը, աշխատանքային կարգապահության ամրապնդմանը և հասարակության բարօրության համար կատարվող աշխատանքը աստիճանաբար յուրաքանչյուր աշխատունակ մարդու առաջին կենսական պահանջմունքը դարձնելուն: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատանքի պայմանների բարձր մակարդակ, բանվորների ու ծառայողների աշխատանքային իրավունքների ըստ ամենայնի պաշտպանություն:

Հոդված 2. Բանվորների ու ծառայողների հիմնական աշխատանքային իրավունքները և պարտականությունները

ԽՍՀՄ քաղաքացիների աշխատանքի իրավունքը, այսինքն` ըստ աշխատանքի քանակի ու որակի և պետության սահմանած նվազագույն չափից ոչ ցածր վարձատրությամբ երաշխավորված աշխատանք ստանալու իրավունքը, ներառյալ մասնագիտություն, զբաղմունքի և աշխատանքի տեսակ ընտրելու իրավունքը` իրենց կոչմանը, ընդունակություններին, պրոֆեսիոնալ պատրաստությանը, կրթությանը համապատասխան և հաշվի առնելով հասարակական պահանջմունքները, ապահովվում է տնտեսության սոցիալիստական սիստեմով, արտադրողական ուժերի անշեղ աճով, անվճար պրոֆեսիոնալ ուսուցմամբ, աշխատանքային որակավորման բարձրացմամբ և նոր մասնագիտությունների ուսուցմամբ, պրոֆեսիոնալ կողմնորոշման և աշխատանքի տեղավորման սիստեմների զարգացմամբ: Բանվորները և ծառայողները աշխատանքի իրավունքն իրականացնում են ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատելու մասին աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:

Բանվորները և ծառայողները ունեն հանգստի իրավունք աշխատանքային օրվա ու աշխատանքային շաբաթվա սահմանափակման և ամենամյա վճարովի արձակուրդների վերաբերյալ օրենքներին համապատասխան, աշխատանքի առողջ ու անվտանգ պայմանների, արհեստակցական միությունների մեջ միավորվելու, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու իրավունք, ծերության ժամանակ, ինչպես նաև հիվանդության, աշխատունակությունը լրիվ կամ մասնակիորեն կորցնելու դեպքում պետական սոցիալական ապահովագրության կարգով պետության հաշվին նյութական ապահովության իրավունք:

Բարեխիղճ աշխատանքը, աշխատանքային կարգապահության պահպանումը, ժողովրդական բարիքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը, արհեստակցական միությունների մասնակցությամբ պետության կողմից սահմանված աշխատանքի նորմաների կատարումը, աշխատանքի արտադրողականության, պրոֆեսիոնալ վարպետության, աշխատանքի և թողարկվող արտադրանքի որակի բարձրացումը բոլոր բանվորների ու ծառայողների պարտականությունն է:

Հոդված 3. Կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ կազմակերպությունների անդամների աշխատանքի կարգավորումը

Կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ կազմակերպությունների անդամների աշխատանքը կարգավորվում է իրենց կանոնադրություններով, որոնք ընդունվում են կոլտնտեսության օրինակելի կանոնադրության, կոոպերատիվի օրինակելի կանոնադրության հիման վրա և դրանց համապատասխան, ինչպես նաև կոլտնտեսություններին և այլ կոոպերատիվ կազմակերպություններին վերաբերող ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 4.  ԽՍՀ Միության և Հայկական ԽՍՀ աշխատանքային օրենսդրությունը

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը կազմված է ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներից և դրանց համապատասխան հրատարակվող ԽՍՀ Միության աշխատանքային օրենսդրության այլ ակտերից, Հայկական ԽՍՀ աշխատանքային օրենսգրքից և աշխատանքային օրենսդրության այլ ակտերից:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներով նախատեսված հարցերում բանվորների ու ծառայողների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է` ԽՍՀ միության օրենսդրությամբ.

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Բանվորների ու ծառայողների աշխատանքի կարգավորման ասպարեզում ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության իրավասությունը սահմանազատվում է ԽՍՀ միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքների 107 և այլ հոդվածների կանոններով: Բանվորների ու ծառայողների աշխատանքի այն հարցերը, որոնք ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներով չեն նախատեսված, կարգավորվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության այլ ակտերով:

Հոդված 5. Բանվորների և ծառայողների վիճակը վատթարացնող աշխատանքային պայմանագրերի պայմանների անվավերությունը

Աշխատանքային պայմանագրերի այն պայմանները, որոնք ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համեմատությամբ վատթարացնում են բանվորների ու ծառայողների վիճակը, համարվում են անվավեր: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան աշխատավորական կոլեկտիվի խորհրդի և արհմիութենական կոմիտեի հետ միասին իրավունք ունի սեփական միջոցների հաշվին կոլեկտիվի աշխատողների կամ առանձին կատեգորիաների բանվորների ու ծառայողների համար սահմանելու օրենսդրության համեմատությամբ լրացուցիչ աշխատանքային և սոցիալ-կենցաղային արտոնություններ:

Հոդված 6. Միութենական մյուս հանրապետությունների աշխատանքային օրենսդրության կիրառումը Հայաստանի Հանրապետությունում

Բանվորների ու ծառայողների` միութենական այլ հանրապետության տերիտորիայում ծագած իրավունքների և պարտականությունների իրականացման հարցերը Հայաստանի Հանրապետության տերիտորիայում քննարկելիս կիրառվում է այդ հանրապետության օրենսդրությունը:

Գ Լ ՈՒ Խ  2

ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հոդված 7.  Կոլեկտիվ պայմանագրի կնքումը և նրա գործողությունը

Կոլեկտիվ պայմանագիրը աշխատավորական կոլեկտիվի անունից կնքում է ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեն ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիայի հետ:

Կոլեկտիվ պայմանագրի կնքմանը նախորդում է դրա նախագծի քննարկումը աշխատավորական կոլեկտիվի ժողովներում ( կոնֆերանսներում ), որը հավանություն է տալիս պայմանագրին և ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեն լիազորում է աշխատավորական կոլեկտիվի անունից ստորագրել այն ադմինիստրացիայի հետ միասին:

Կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է ամեն տարի և ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման օրվանից:

Կնքված կոլեկտիվ պայմանագրին իրազեկ են պահվում ձեռնարկության, կազմակերպության բոլոր բանվորներն ու ծառայողները:

Կոլեկտիվ պայմանագիրը տարածվում է ձեռնարկության, կազմակերպության բոլոր բանվորների ու ծառայողների վրա, անկախ այն բանից` նրանք արհեստակցական միության անդամ են, թե ոչ:

Հոդված 8.  Կոլեկտիվ պայմանագրի բովանդակությունը

Կոլեկտիվ պայմանագիրը պետք է բովանդակի աշխատանքի և աշխատավարձի հարցերի վերաբերյալ այն հիմնական դրույթները, որոնք գործող օրենսդրությանը համապատասխան սահմանված են տվյալ ձեռնարկության, կազմակերպության համար, ինչպես նաև աշխատաժամանակի, հանգստի ժամանակի, աշխատանքի վարձատրության և նյութական խթանման, աշխատանքի պաշտպանության բնագավառում այն դրույթները, որոնք մշակել են ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան և արհմիութենական կոմիտեն, և որոնք նորմատիվ բնույթ են կրում:

Կոլեկտիվ պայմանագրով սահմանվում են ադմինիստրացիայի և բանվորների ու ծառայողների կոլեկտիվի փոխադարձ պարտավորությունները` արտադրական պլանները կատարելու, արտադրության և աշխատանքի կազմակերպումը կատարելագործելու, նոր տեխնիկա արմատավորելու և աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, արտադրանքի որակը բարելավելու և ինքնարժեքը իջեցնելու, սոցիալիստական մրցությունը զարգացնելու, արտադրական և աշխատանքային կարգապահությունը ամրապնդելու, անմիջականորեն արտադրության մեջ կադրերի որակավորումը բարձրացնելու և նրանց պատրաստելու ուղղությամբ:

Կոլեկտիվ պայմանագիրը պետք է բովանդակի ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի պարտավորությունները բանվորներին ու ծառայողներին ձեռնարկության, կազմակերպության կառավարման գործում ներգրավելու, աշխատանքի նորմավորումը, աշխատանքի վարձատրության և նյութական խթանման ձևերը կատարելագործելու, աշխատանքի պաշտպանության, արտադրության առաջավորներին արտոնություններ ու առավելություններ տալու, աշխատավորների բնակարանային պայմանները և կուլտուր-կենցաղային սպասարկումը բարելավելու, դաստիարակչական և կուլտուր-մասսայական աշխատանքը զարգացնելու ուղղությամբ:

Կոլեկտիվ պայմանագիրը կարող է բովանդակել նաև ձեռնարկության, կազմակերպության տնտեսական ու սոցիալական զարգացմանը վերաբերող այլ դրույթներ: Կոլեկտիվ պայմանագրի դրույթները չպետք է հակասեն աշխատանքային օրենսդրությանը:

Հոդված 9.  Կոլեկտիվ պայմանագրի կնքման ու փոփոխման ժամանակ ծագող տարաձայնությունների լուծումը

Կոլեկտիվ պայմանագրի կնքման ու փոփոխման ժամանակ ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի միջև ծագող տարաձայնությունները լուծում են վերադաս տնտեսական և արհմիութենական մարմինները` ադմինիստրացիայի, աշխատավորական կոլեկտիվի և արհմիութենական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հոդված 10. Կոլեկտիվ պայմանագիրը փոխելը և լրացնելը

Կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում նրա մեջ փոփոխություններ ու լրացումներ մտցնում են ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեն և ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան` աշխատավորական կոլեկտիվի ժողովների (կոնֆերանսների) հավանությամբ:

Հոդված 11. Կոլեկտիվ պայմանագրի գործողությունը ձեռնարկությունը, կազմակերպությունը վերակառուցվելու կամ դրանց ենթակայությանը փոխվելու դեպքում

 

Ձեռնարկության, կազմակերպության վերակառուցման կամ ենթակայության փոփոխման դեպքում կոլեկտիվ պայմանագիրը մնում է ուժի մեջ նրա գործողության ամբողջ ժամանակաընթացքում, եթե կողմերը չեն ցանկանում վերանայել կոլեկտիվ պայմանագիրը, որի մասին մեկ կողմը պետք է մյուս կողմին իրազեկ պահի երկու շաբաթ առաջ: Ընդ որում, նախկինում կնքված պայմանագիրն իր ուժը պահպանում է մինչև նոր համաձայնագրի կնքումը:

Հոդված 12. Կոլեկտիվ պայմանագրի կատարման վերահսկողությունը

Կոլեկտիվ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան, ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեն և նրանց վերադաս մարմինները:

Հոդված 13. Կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունները

Ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան և ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեն աշխատավորական կոլեկտիվի առջև հաշիվ են տալիս կոլեկտիվ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման մասին:

Հոդված 14. Կոլեկտիվ պայմանագրերով արհեստակցական միություններին նյութական պատասխանատվությունից ազատելը

 

Արհեստակցական միությունները կոլեկտիվ պայմանագրերով նյութական պատասխանատվություն չեն կրում:

Գ Լ ՈՒ Խ  3

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հոդված 15. Աշխատանքային պայմանագրի կողմերը և բովանդակությունը

Աշխատանքային պայմանագիրն աշխատավորների և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության միջև կնքված համաձայնություն է այն մասին, որ աշխատավորը պարտավորվում է աշխատանք կատարել ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի, ենթարկվելով աշխատանքային ներքին կարգ ու կանոնին, իսկ ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը պարտավորվում է աշխատավորին վճարել աշխատավարձ և ապահովել աշխատանքային օրենսդրությամբ, կոլեկտիվ պայմանագրով ու կողմերի փոխադարձ համաձայնությամբ նախատեսված աշխատանքի պայմանները:

Հոդված 16. Երաշխիքներ աշխատանքի ընդունելիս

Արգելվում է աշխատանքի ընդունման չհիմնավորված մերժումը:

ԽՍՀՄ սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան աշխատանքի ընդունելիս չի թույլատրվում իրավունքերի որևէ ուղղակի կամ անուղղակի սահմանափակում կամ ուղղակի կամ անուղղակի առավելությունների սահմանում` ելնելով սեռից, ռասայից, ազգային պատկանելությունից և կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքից:

Հոդված 17. Աշխատանքային պայմանագրի ժամկետը

Աշխատանքային պայմանագրերը կնքվում են`

1) անորոշ ժամկետով.

2) երեք տարուց ոչ ավելի որոշակի ժամկետով.

3) որոշակի աշխատանք կատարելու ժամանակով:

Հոդված 18. Աշխատանքային պայմանագրի կնքումը

Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել բանավոր կամ գրավոր:

Աշխատանքի ընդունումը ձևակերպվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի հրամանով (կարգադրությամբ): Հրամանը (կարգադրությունը) աշխատողին հայտնվում է նրանից ստորագրություն վերցնելով:

Փաստորեն աշխատանքի անցնելու թույլտվությունը համարված է աշխատանքային պայմանագրի կնքում, անկախ այն բանից` աշխատանքի ընդունումը ձևակերպվել է պատշաճ կերպով, թե ոչ:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների համաձայնությամբ փոխադրման կարգով մեկ այլ ձեռնարկությունից, հիմնարկից, կազմակերպությունից աշխատանքի հրավիրված աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը չի կարող մերժվել:

Հոդված 18.1  Աշխատանքային պայմանագիր կենսաթոշակային տարիքի հասած բանվորների ու ծառայողների հետ

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան իրավունք ունի արհմիութենական կոմիտեի հետ համատեղ աշխատանքային հարաբերությունները պահպանել կենսաթոշակային տարիքի հասած բանվորների ու ծառայողների հետ, եթե նրանք աշխատում են բարեխղճորեն, լիակատար հատուցմամբ, ունեն աշխատանքի բարձր արդյունքներ և կոլեկտիվում օգտվում են արժանի հեղինակությունից: Կենսաթոշակային տարիքի հասած և լրիվ կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժ ունեցող մյուս աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են կողմերի համաձայնությամբ` ժամկետային (մինչև երկու տարի ժամանակով) աշխատանքային պայմանագիր կնքելու (վերակնքելու) միջոցով կամ դադարեցվում են ադմինիստրացիայի նախաձեռնությամբ` արհմիութենական կոմիտեի համաձայնությամբ ( սույն օրենսգրքի 36 հոդվածի 1.1-ին կետ):

Կենսաթոշակի տարիքի հասած անձանց աշխատանքից ազատելու սույն կարգը չի տարածվում այն աշխատողների վրա, որոնք պաշտոններում ընտրվել են աշխատավորական կոլեկտիվի կողմից, ինչպես նաև այն անձանց վրա, որոնց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված է տարիքի կապակցությամբ աշխատանքից ազատելու այլ կարգ:

Հոդված 19. Աշխատանքային պայմանագիր կնքելիս ներկայացվող փաստաթղթերը

Աշխատանքային պայմանագիր կնքելիս ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է աշխատավորից պահանջել ներկայացնելու անձնագիրը, աշխատանքային գրքույկը, իսկ առաջին անգամ աշխատանքի ընդունվող անձերից` բնակարանային-շահագործման կազմակերպության, պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի կողմից տրված տեղեկանք վերջին զբաղմունքի մասին, խորհրդային բանակի շարքերից արձակվածներից` զինվորական գրքույկը:

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ադմինիստրացիան իրավունք ունի աշխատողից պահանջելու ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատեն նրա որոշակի պրոֆեսիան, մասնագիտությունը ( բժիշկներ, ավտոտրանսպորտի վարորդներ և այլն): Արգելվում է աշխատանքի ընդունվողից պահանջել որևէ այլ փաստաթուղթ, բացի օրենսդրությամբ նախատեսվածներից:

Հոդված 20. Ազգականների համատեղ ծառայության սահմանափակումը

Միևնույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում արգելվում է համատեղ աշխատել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնողներ, ամուսիններ, եղբայրներ, քույրեր, որդիներ, դուստրեր, ինչպես նաև ամուսինների եղբայրներ, քույրեր, ծնողներ և զավակներ), եթե նրանց ծառայությունը կապված է մեկը մյուսի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

Անհրաժեշտության դեպքում այդ կանոնից բացառություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից:

Հոդված 21. Աշխատանքը համատեղությամբ

Երկու ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և մեկ ձեռնարկությունում, մեկ հիմնարկում, մեկ կազմակերպությունում համատեղության կարգով աշխատանք թույլատրվում է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում միայն:

Հոդված 22. Փորձաշրջանը աշխատանքի ընդունելիս

Աշխատանքային պայմանագիր կնքելիս կողմերի համաձայնությամբ կարող է նախատեսվել փորձաշրջան հանձնարարվող աշխատանքի համար բանվորի կամ ծառայողի համապատասխանությունը ստուգելու նպատակով: Փորձաշրջանի պայմանները պետք է նշված լինեն աշխատանքի ընդունման հրամանում (կարգադրությունում):

Փորձաշրջանի ընթացքում բանվորների ու ծառայողների վրա լիովին տարածվում է աշխատանքային օրենսդրությունը:

Փորձաշրջանի ժամկետը մտցվում է աշխատանքային ստաժի մեջ:

Փորձաշրջան չի սահմանվում տասնութ տարեկան չդարձած բանվորներին և ծառայողներին, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններն ավարտելուց հետո երիտասարդ բանվորներին, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետներին աշխատանքի ընդունելիս, տեղապահման (բրոնյայի) հաշվին հայրենական պատերազմի հաշմանդամներին աշխատանքի ուղարկելիս: Փորձաշրջան չի սահմանվում նաև այլ վայր ուղարկելու համար աշխատանքի ընդունելիս և այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն աշխատանքի փոխադրելիս:

Հոդված 23. Փորձաշրջանի տևողությունը աշխատանքի ընդունելիս

Փորձաշրջանի տևողությունը, եթե ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված, չի կարող ավելի լինել երեք ամսից, իսկ առանձին դեպքերում, համապատասխան արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով` վեց ամսից:

Փորձաշրջանի տևողության մեջ չեն մտցվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանը և մյուս ժամանակաշրջանները, երբ աշխատողը աշխատանքից բացակայել է հարգելի պատճառներով:

Հոդված 24. Փորձաշրջանի արդյունքները աշխատանքի ընդունելիս

Եթե փորձաշրջանի ժամկետն անցել է, իսկ բանվորը կամ ծառայողը շարունակում է աշխատանքը, նա համարվում է փորձաշրջանն անցկացրած, և աշխատանքային պայմանագրի հետագա դադարեցում թույլատրվում է միայն ընդհանուր հիմունքներով:

Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան աշխատողին ազատում է աշխատանքից առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելու և առանց արձակման նպաստ վճարելու: Բանվորը կամ ծառայողը իրավունք ունի աշխատանքից նման ազատումը բողոքարկել շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին, իսկ համապատասխան դեպքերում (246 հոդված) ենթակայության կարգով` վերադաս մարմնին:

Հոդված 25. Աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքի կատարում պահանջելն արգելելը

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան իրավունք չունի բանվորից կամ ծառայողից պահանջելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանք կատարելը:

Հոդված 26. Աշխատանքն անձամբ կատարելու պարտականությունը

Բանվորը կամ ծառայողը աշխատանքային պայմանագրով պայմանավորված աշխատանքը պարտավոր է կատարել անձամբ և իրավունք չունի դրա կատարումը վերահանձնարարել մի այլ անձի, եթե օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

Հոդված 27. Աշխատանքային գրքույկ

Աշխատանքային գրքույկը բանվորի կամ ծառայողի աշխատանքային գործունեության հիմնական փաստաթուղթն է:

Աշխատանքային գրքույկներ են լրացվում այն բոլոր բանվորների ու ծառայողների համար, որոնք հինգ օրից ավելի աշխատում են ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում:

Աշխատանքային գրքույկի մեջ տեղեկություններ են մտցվում աշխատողի, նրա կողմից կատարվող աշխատանքի, ինչպես նաև ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում կատարած աշխատանքում ձեռք բերած հաջողությունների համար խրախուսանքների ու պարգևատրությունների մասին: Տույժերը աշխատանքային գրքույկում չեն մտցվում:

Աշխատանքից արձակման պատճառները պետք է աշխատանքային գրքույկում գրառվեն գործող օրենսդրության ձևակերպումներին ճիշտ համապատասխան և վկայակոչելով օրենքի համապատասխան հոդվածը և կետը: Հիվանդության, հաշմանդամության, ծերության պատճառով կենսաթոշակի անցնելու, բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն կամ ասպիրանտուրա ընդունվելու կապակցությամբ և այլ այնպիսի պատճառներով, որոնց հետ օրենսդրությունը կապում է որոշակի արտոնություններ և առավելություններ տրամադրելը, բանվորի կամ ծառայողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում արձակումը աշխատանքային գրքույկում գրառվում է` նշելով այդ պատճառները:

Արձակման ժամանակ ադմինիստրացիան պարտավոր է սույն օրենսգրքի 105 հոդվածով սահմանված ժամկետներում բանվորին կամ ծառայողին տալ աշխատանքային գրքույկը և նրա հետ կատարել վերջնահաշիվ:

Հոդված 28. Այլ աշխատանքի փոխադրելը: Աշխատանքի էական պայմանների փոփոխումը

Բանվորին և ծառայողին նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում այլ աշխատանքի փոխադրելը, ինչպես նաև այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն կամ այլ վայր աշխատանքի փոխադրելը թեկուզև ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ միասին, թույլատրվում է միայն բանվորի կամ ծառայողի համաձայնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 29, 30 հոդվածներով և 148 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

Այլ աշխատանքի փոխադրում չի համարվում և աշխատողի համաձայնությունը չի պահանջում նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում այլ աշխատատեղ, նույն վայրում այլ կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխելը, այլ մեխանիզմի կամ ագրեգատի վրա աշխատանք հանձնարարելը` աշխատանքային պայմանագրով պայմանավորված մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի սահմաններում: ադմինիստրացիան իրավունք չունի բանվորին կամ ծառայողին տեղափոխել այնպիսի աշխատանքի, որը նրան հակացուցված է առողջական վիճակի բերումով:

Արտադրության և աշխատանքի կազմակերպման փոփոխությունների կապակցությամբ թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները նույն մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանքը շարունակելու դեպքում: Աշխատանքի էական պայմանները` աշխատանքի վարձատրության սիստեմները և չափերը, արտոնությունները, աշխատանքի ռեժիմը փոփոխելու, ոչ լրիվ աշխատաժամանակ սահմանելու կամ վերացնելու, պրոֆեսիաները համատեղելու, տարակարգերը և պաշտոնների անվանումը փոփոխելու և այլ փոփոխությունների մասին աշխատողը պետք է տեղյակ պահվի ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը համաձայն չէ աշխատանքը շարունակել նոր պայմաններում, ապա աշխատանքային պայմանագիրը դադարում է սույն օրենսգրքի 32 հոդվածի 6-րդ կետի համաձայն:

Հոդված 29. Արտադրական անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես այլ աշխատանքի փոխադրելը

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության համար արտադրական անհրաժեշտության դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի բանվորներին ու ծառայողներին մինչև մեկ ամիս ժամանակով աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքի փոխադրել նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում կամ այլ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում, բայց նույն վայրում, վարձատրելով ըստ կատարված աշխատանքի, ընդ որում նախկին աշխատանքում ունեցած միջին վաստակից ոչ ցածր: Այդպիսի փոխադրում թույլատրվում է տարերային աղետը, արտադրական վթարը կանխելու կամ վերացնելու, կամ դրանց հետևանքները անհապաղ վերացնելու, դժբախտ դեպքերը, պարապուրդը կամ պետական հանրային գույքի ոչնչացումը կամ փչացումը կանխելու և այլ բացառիկ դեպքերում, ինչպես նաև բացակայող բանվորին կամ ծառայողին փոխարինելու համար:

Բացակայող աշխատողին փոխարինելու համար այլ աշխատանքի փոխադրելու տևողությունը օրացուցային տարվա ընթացքում չի կարող գերազանցել մեկ ամսից:

Հոդված 30. Պարապուրդի դեպքում ժամանակավորապես այլ աշխատանքի փոխադրելը

Պարապուրդի դեպքում բանվորներն ու ծառայողները` հաշվի առնելով նրանց մասնագիտությունն ու որակավորումը, փոխադրվում են այլ աշխատանքի նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում` պարապուրդի ամբողջ ժամանակի ընթացքում, կամ այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն, բայց նույն վայրում` մինչև մեկ ամիս ժամանակով:

Պարապուրդի հետևանքով ավելի ցածր վարձատրվող աշխատանքի փոխադրելիս արտադրանքի նորմաները կատարող բանվորների ու ծառայողների համար պահպանվում է նախկին աշխատանքի միջին վաստակը, իսկ նորմաները չկատարող կամ ժամանակավարձային աշխատանքի փոխադրված բանվորների ու ծառայողների համար պահպանվում է նրանց տարիֆային դրույքը (ռոճիկը):

Հոդված 31. Ոչ որակյալ աշխատանքների փոխադրման սահմանափակումը

Պարապուրդի դեպքում և բացակայող աշխատողին ժամանակավորապես փոխադրելու դեպքում չի թույլատրվում որակյալ բանվորներին ու ծառայողներին փոխադրել ոչ որակյալ աշխատանքի:

Հոդված 32. Աշխատանքային պայմանագրի դադարման հիմքերը

Աշխատանքային պայմանագրի դադարման հիմքերն են`

1) կողմերի համաձայնությունը.

2) ժամկետի լրանալը (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր), բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքային հարաբերությունները փաստորեն շարունակվում են և կողմերից ոչ մեկը չի պահանջել դրանց դադարեցում.

3) բանվորի կամ ծառայողի զորակոչվելը կամ զինվորական ծառայության ընդունվելը.

4) աշխատանքային պայմանագրի լուծվելը բանվորի կամ ծառայողի նախաձեռնությամբ ( 34, 35 հոդվածներ), ադմինիստրացիայի նախաձեռնությամբ (36 հոդված), կամ արհմիութենական մարմնի պահանջով (40 հոդված).

5) աշխատողի համաձայնությամբ նրան այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն փոխադրելը կամ նրա` ընտրովի պաշտոնի անցնելը.

6) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ միասին այլ վայր աշխատանքի փոխադրվելուց բանվորի կամ ծառայողի հրաժարվելը, ինչպես նաև աշխատանքի էական պայմանները փոփոխվելու կապակցությամբ աշխատանքը շարունակելուց հրաժարվելը.

7) դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որով բանվորը կամ ծառայողը դատապարտված է (բացի պայմանական դատապարտության և դատավճռի կատարումը հետաձգելու դեպքերից) ազատազրկման, ուղղիչ աշխատանքների ոչ ըստ աշխատանքի վայրի կամ տվյալ աշխատանքը շարունակելու հնարավորությունը բացառող այլ պատժի:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ենթակայությունը մեկ մարմնից մեկ այլ մարմնի հանձնվելը չի դադարեցնում աշխատանքային պայմանագրի գործողությունը: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության միաձուլման, բաժանման կամ միացման դեպքերում բանվորի կամ ծառայողի համաձայնությամբ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են. այդպիսի դեպքերում ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի դադարումը հնարավոր է միայն աշխատողների քանակը կամ հաստիքները կրճատելիս:

Հոդված 33. Ժամկետային աշխատանքային պայմանագրի գործողության շարունակումը անորոշ ժամանակով

Եթե աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ( 17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր) աշխատանքային հարաբերությունները փաստորեն շարունակվում են և կողմերից ոչ մեկը չի պահանջել դրանց դադարեցում, ապա պայմանագրի գործողությունը շարունակվում է անորոշ ժամանակով:

Հոդված 34. Անորոշ ժամանակով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը բանվորի կամ ծառայողի նախաձեռնությամբ

Բանվորներն ու ծառայողները իրավունք ունեն լուծելու անորոշ ժամանակով կնքված աշխատանքային պայմանագիրը, այդ մասին երկու ամիս առաջ գրավոր զգուշացնելով ադմինիստրացիային: Այդ ժամկետը լրանալուց հետո բանվորը կամ ծառայողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է աշխատողին տալ աշխատանքային գրքույկը և նրա հետ կատարել վերջնահաշիվ:

Մինչև երկամսյա ժամկետի լրանալը աշխատողն իրավունք ունի ցանկացած ժամանակ ետ վերցնելու իր դիմումը կամ նախկին դիմումը վերացնելու մասին նոր դիմում տալու: Այդ դեպքում ադմինիստրացիան կարող է աշխատողին արձակել աշխատանքից միայն այն պայմանով, եթե մինչև նրա կողմից առաջին դիմումը վերացնելու մասին դիմում տալը նոր աշխատող է հրավիրվել:

Արձակում չի թույլատրվում, եթե աշխատողը դիմում տալու օրվանից երկու ամիսը անցնելուց հետո փաստորեն աշխատանքից չի ազատվել և չի պնդել իր ցանկությունը աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:

Աշխատողի և ադմինիստրացիայի պայմանավորվածության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել մինչև երկամսյա ժամկետի լրանալը:

Հարգելի պատճառներով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում բանվորները և ծառայողները այդ մասին ադմինիստրացիային գրավոր զգուշացնում են մեկ ամիս առաջ:

Այն աշխատանքների կատարման ժամանակը, որին փոխադրվել է բանվորը կամ ծառայողը աշխատանքային կարգապահությունը խախտելու համար ( 148 հոդվածի 4-րդ կետ), ազատվելու վերաբերյալ նախազգուշացման ժամկետի մեջ չի հաշվվում:

Հոդված 35. Ժամկետային աշխատանքային պայմանագրի լուծումը բանվորի կամ ծառայողի նախաձեռնությամբ

Ժամկետային աշխատանքային պայմանագիրը (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր) աշխատողի պահանջով ենթակա է վաղաժամ լուծման այն դեպքերում, երբ նրա հիվանդությունը կամ հաշմանդամությունը խոչընդոտ են հանդիսանում պայմանագրով նախատեսված աշխատանքը կատարելուն, երբ ադմինիստրացիան խախտում է աշխատանքային օրենսդրությունը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագիրը և այլ հարգելի պատճառներով:

Հոդված 36. Աշխատանքային պայմանագրի լուծումը ադմինիստրացիայի նախաձեռնությամբ

Անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև ժամկետային անշխատանքային պայմանագիրը` մինչև դրա գործողության ժամկետի լրանալը, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից կարող են լուծվել միայն`

1) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության վերացման, աշխատողների թվի կամ հաստիքի կրճատման դեպքում.

1,1) երբ աշխատողը հասել է կենսաթոշակային տարիքի` ծերության լրիվ կենսաթոշակի իրավունքի առկայության դեպքում.

2) երբ ի հայտ է եկել բանվորի կամ ծառայողի անհամապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին` անբավարար որակավորման կամ առողջական վիճակի հետևանքով, որոնք խոչընդոտ են հանդիսանում տվյալ աշխատանքը շարունակելուն.

3) երբ բանվորը կամ ծառայողն աշխատանքային պայմանագրով կամ ներքին աշխատանքային կարգապահության կանոններով իր վրա դրված պարտականություններն առանց հարգելի պատճառների սիստեմատիկաբար չի կատարում, եթե բանվորի կամ ծառայողի նկատմամբ ավելի վաղ կիրառվել են կարգապահական կամ հասարակական տույժի միջոցներ.

4) առանց հարգելի պատճառների գործալքության (այդ թվում աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան երեք ժամ աշխատանքից բացակայելու) դեպքում.

5) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս շարունակ աշխատանքի չներկայանալու դեպքում, չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը, եթե ԽՍՀ Միության օրենսդրությամբ չի սահմանվել որոշակի հիվանդության դեպքում աշխատանքի տեղը (պաշտոնը) պահպանելու ավելի տևական ժամկետ: Աշխատանքային խեղման կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով աշխատունակությունը կորցրած բանվորների ծառայողների համար աշխատանքի տեղը (պաշտոնը) պահպանվում է մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամությունը որոշվելը.

6) այն բանվորին կամ ծառայողին աշխատանքի վերականգնելու դեպքում, որն առաջ կատարել է այդ աշխատանքը.

7) հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայանալու դեպքում: Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում նշված հիմքերով աշխատանքից արձակում թույլատրվում է, եթե հնարավոր չէ աշխատողին` նրա համաձայնությամբ, փոխադրել այլ աշխատանքի: Ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանում (բացի սույն հոդվածի 5-րդ կետով աշխատանքից արձակելը) և արձակուրդում գտնվելու ժամանակ, բացառությամբ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լրիվ վերացման դեպքերի, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից արձակել չի թույլատրվում:

8) աշխատանքի տեղում պետական կամ հանրային գույքի հափշտակում /այդ թվում մանր/ կատարելու դեպքում, որ հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով կամ այն մարմնի որոշմամբ, որն իրավասու է վարչական տույժ նշանակել կամ հասարակական ներգործության միջոցներ կիրառել:

Հոդված 37. Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքում թողնելու նախապատվության իրավունքը

Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքում թողնելու նախապատվության իրավունքը տրվում է աշխատանքի ավելի բարձր արտադրողականություն և որակավորում ունեցող բանվորներին ու ծառայողներին:

Աշխատանքի հավասար արտադրողականության և որակավորման դեպքում աշխատանքում թողնելու նախապատվությունը տրվում է` երկու և ավելի խնամարկյալ ունեցող ընտանիքավորներին. այն անձանց, որոնց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատողներ չկան. տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում անընդհատ աշխատանքի տևական ստաժ ունեցող աշխատողներին. տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատանքային հաշմանդամություն կամ պրոֆեսիոնալ հիվանդություն ստացած աշխատողներին. առանց արտադրությունից կտրվելու բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում իրենց որակավորումը բարձրացնող աշխատողներին. պատերազմի հաշմանդամներին և ԽՍՀՄ պաշտպանության ժամանակ զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ու պարտիզանների ընտանիքների անդամներին:

Հոդված 38. Առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնության ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումն արգելելը

 

Առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնության ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծում չի թույլատրվում, բացառությամբ ԽՍՀ Միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Ադմինիստրացիան իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 36 հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերում նշված հիմքերով արձակման դեպքում` զանցանքը հայտնաբերելու օրվանից մեկ ամսվա սահմաններում, սույն օրենսգրքի 36 հոդվածի 8-րդ կետում նշված հիմքերով արձակման դեպքում` դատարանի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու կամ այն մարմնի կողմից որոշում կայացնելու օրվանից մեկ ամսվա սահմաններում, որն իրավասու է վարչական տույժ նշանակել կամ հասարակական ներգործության միջոցներ կիրառել:

Հոդված 39. Արձակման նպաստ

Սույն օրենսգրքի 32 հոդվածի 3-րդ և 6-րդ կետերում և 36 հոդվածի 1.1-ին, 2-րդ և 6-րդ կետերում նշված հիմքերով կամ ադմինիստրացիայի կողմից աշխատանքային օրենսդրությունը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագիրը խախտվելու հետևանքով (հոդված 35) աշխատանքային պայմանագրի դադարման դեպքում բանվորներին ու ծառայողներին վճարվում է արձակման նպաստ` երկու շաբաթվա միջին վաստակի չափով:

Հոդված 40. Աշխատանքային պայմանագրի լուծումը արհմիութենական մարմնի պահանջով

Արհմիութենական մարմնի ( շրջանայինից ոչ ցածր) պահանջով ադմինիստրացիան պարտավոր է լուծել ղեկավար աշխատողի հետ կնքված պայմանագիրը կամ նրան արձակել զբաղեցրած պաշտոնից, եթե նա խախտում է աշխատանքային օրենսդրությունը, չի կատարում կոլեկտիվ պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ցուցաբերում է բյուրոկրատիզմ, թույլ է տալիս քաշքշուկ: Աշխատավորական կոլեկտիվի կողմից պաշտոնում ընտրված ղեկավար աշխատողը ազատվում է արհմիութենական մարմնի (շրջանայինից ոչ ցածր) պահանջով` համապատասխան աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) կամ նրա լիազորությամբ` աշխատավորական կոլեկտիվի խորհրդի որոշման հիման վրա:

Արհմիութենական մարմնի պահանջը աշխատողի կամ ադմինիստրացիայի կողմից կարող է գանգատարկվել վերադաս արհմիութենական մարմնին, որի որոշումը վերջնական է:

Հոդված 41. Աշխատանքից հեռացնելը

Աշխատավարձի վճարման դադարեցումով բանվորին կամ ծառայողին աշխատանքից (պաշտոնից) հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը (հերթափոխում) աշխատել:

Հոդված 42. Աշխատողին աշխատանքի և աշխատավարձի մասին տեղեկանք տալու ադմինիստրացիայի պարտականությունը

Բանվորի կամ ծառայողի խնդրանքով ադմինիստրացիան պարտավոր է նրան տեղեկանք տալ տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատելու մասին, նշելով մասնագիտությունը, որակավորումը, պաշտոնը, ժամանակավոր աշխատանքը և աշխատավարձի չափը:

Գ Լ ՈՒ Խ  3-Ա

ԱԶԱՏՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 42.1 Ազատվող աշխատողների համար աշխատանքի իրավունքի ապահովման երաշխիքները

Բանվորները և ծառայողները կարող են ազատվել ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, եթե դադարում է նրանց գործունեությունը, կրճատվում է աշխատողների թիվը կամ հաստիքները:

Ազատվող աշխատողների համար աշխատանքի իրավունքը երաշխավորվում է`

նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում այլ աշխատանք տրամադրելով.

այլ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում ըստ նախկին պրոֆեսիայի, մասնագիտության, որակավորման աշխատանք տրամադրելով, իսկ դրա բացակայության դեպքում` այլ աշխատանք, հաշվի առնելով անհատական ցանկությունները և հասարակական պահանջմունքները.

հնարավորություն ընձեռելով նոր պրոֆեսիաներ (մասնագիտություններ) սովորելու` համապատասխան աշխատանք տրամադրելով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *