Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՆԵՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ (1912-1914թթ) 

XX դարի երկրորդ տասնամյակում Հայաստանը սոցիալ-տնտեսական և քաղաքական առաջընթաց էր ապրում։ Հայաստանում կառուցվում են Նոր երկաթուղիներ և խճուղիներ։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին Հայաստանի երկաթուղիների երկարությունը կազմում էր 680 կիլոմետր։
Հայաստանում 1909-1913 թվականներին պղնձի ձուլման քանակը 278,2 հազար փութից հասավ 343,4 հազար փութի։ Պղնձարդյունաբերությունից հետո, ինչպես հայտնի է, իր տեսակարար կշռով երկրորդ տեղն էր բռնում սպիրտ-կոնյակի արդյունաբերությունը։
Մշակվում էին նաև Երևանի նահանգի և Կարսի մարզի (Կաղզվան) աղահանքերը։ Ղարաբաղում կային բազմաթիվ գորգագործական արհեստանոցներ, որոնց արտադրանքը հաջողությամբ սպառվում էր Անդրկովկասում։ Երևանի նահանգում եղած մետաքսի ձեռնարկությունների արտադրանքը սպառվում էր միայն տեղում։
XX դարի երկրորդ տասնամյակը նշանավորվում է նաև հեղափոխական շարժումների նոր վերելքով։ Արդեն 1910 թվականին Ռուսաստանում ծայր են առնում գործադուլային շարժումները, իսկ 1912 թվականին Ռուսաստանում սկսվում են հզոր բանվորական շարժումներ, որոնք տարածվում են ամբողջ երկրում։
1912 թվականը նաև Չորրորդ պետական դումայի հրավիրման տարի էր։ Ի տարբերություն 1907 թվականին հրավիրված Երրորդ դումայի, որը ոչ մի կարևոր հետք չթողեց, Չորրորդը նշանակալից քաղաքական դերակատարություն ունեցավ Ռուսաստանի պատմության մեջ։ Չորրորդ դումայում էր, որ բուռն կերպով արծարծվում էր նաև հայ ժողովրդի համար կարևորագույն՝ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը։ Այն ջերմ պաշտպանություն էր գտնում ռուսաստանյան «կադետական» կուսակցության առաջնորդների կողմից, որոնք պնդում էին, որ վերաբացվող Հայկական հարցի լուծումը բխում է նաև Ռուսաստանի պետական շահերից։
Արևելյան Հայաստանում 1910-1914 թվականներին տեղի ունեցած բանվորական շարժումները, պետք է նշել, համեմատաբար թույլ էին և հեշտությամբ ճնշվում էին։
Գյուղացիական շարժումները, որ բռնկվում էին երկրի տարբեր վայրերում, ավելի տևական բնույթ ունեին և գնալով ավելի բազմամարդ էին դառնում։ Այդուհանդերձ նրանց պահանջները տնտեսական հարցերից այն կողմ չէին անցնում, ուստի և իշխանությունների կողմից նույնպես հեշտությամբ ճնշվում էին։
Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Անդրկովկասում և Հայաստանում տեղակայված զորամիավորումներում տեղի Էին ունենում բավական ուժեղ խմորումներ։ Հուզումներ բռնկվեցին Կարսի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Կաղզվանի, Սարիղամիշի, Օլթիի զորամասերում։
Սակայն ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Անդրկովկասում և Հայաստանում զինված հուզումները բացահայտ ապստամբության չվերաճեցին, որովհետև վրա հասած համաշխարհային պատերազմը փոխեց իրադրությունն ամբողջ երկրում։
Պատերազմը Ռուսաստանի ժողովուրդների առաջ դրեց այլ խնդիրներ, հեղափոխական պայքարի հարցերը հետին պլան մղվեցին։ Հայրենիքի պաշտպանությունն առաջնահերթ գործ դարձավ։ Երկրի վրա կախված վտանգը միավորեց բոլոր կուսակցություններին։ Միայն ձախակողմյան կազմակերպությունները մնացին ցարական կարգերի դեմ դասակարգային կռիվը շարունակելու դիրքերում։

Օսմանյան Թուրքիան երիտթուրքական հեղափոխությունից հետո 

1914 թ. ամռանը բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Երիտթուրքերը որոշում են պատերազմում դաշնակցել Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ: Գերմանիայի հետ կնքվում է գաղտնի պայմանագիր, որի կետերից մեկով պատերազմի հաղթական ավարտից հետո գերմանական կողմը պարտավորվում է Թուրքիայի արևելյան սահմանի այնպիսի վերաձևում ապահովել, որը հնարավորություն կտա վերջինիս անմիջական կապ հաստատել Կովկասի թյուրքախոս և մուսուլման ժողովուրդների հետ: Սա երիտթուրքերի պանթյուրքական ծրագրի հաստատումն էր, որի առջև ծառացած գլխավոր խոչընդոտը «հայկական սեպն» էր:
Պատերազմը Թուրքիայի իշխանությունները պատեհ առիթ համարեցին՝ Հայոց ցեղասպանության իրենց ծրագիրն իրագործելու համար: Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթն ու ռազմական նախարար Իսմայիլ Էնվերը Բեռլին ուղարկած հուշագրում, որում պահանջում էին հեռացնել Գերմանիայի դեսպան Մեթերնիխին, քանի որ վերջինս հանդես էր եկել հայերի պաշտպանությամբ, կրկին շեշտում էին, որ «աշխատանքը պետք է արվի հիմա՝ պատերազմից հետո շատ ուշ կլինի»: Նույն միտքը Թալեաթը հայտնում է 1915 թ փետրվարի 15-ին Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ «միակ հարմար առիթն է հիմա»՝ հայկական խնդրից ազատվելու համար:

Օսմանյան կայսրությունը վերածվում էր ազգային պետության, որը ձգտում էր միատարր բնակչություն ունենալ: Փլուզվող պետությունը նորովի վերածնելու համար գործարկվել էր պանթյուրքիզմի՝ թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելու ուտոպիստական գաղափարը, իսկ հայկական տարածքները ռազմավարական խոչընդոտ էին այդ ճանապարհին։
Երիտթուրքերի կառավարման շրջանում Օսմանյան կայսրությունը պանիսլամիզմի և օսմանականության գաղափարախոսությունները փոխարինեց թյուրքիզմով և պանթյուրիզմով:

Հայերը թուրքական պառլամենտում 

Ադանայի ջարդը 1909թ երիտթուրքերի ազգային քաղաքականությունը 

Ադանայի կոտորածը վերաբերում է 1909 թվականի ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։
Աբդուլ Համիդ II-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջացրեցին ազգային-քաղաքական կյանքում։ Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թվականների ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։ Սահմանադրական կարգերից դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթ» (նկատի ունենալով սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ։
1909 թվականի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ։ Կոտորածի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ հանդիսացավ վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։
Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դյորթ-Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից։ Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։

Բալկանյան պատերազմները (1912-13թթ) և հայկական հարցի վերաբացումը։ 

Առաջին Բալկանյան պատերազմը տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի  (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։
2-րդ Բալկանյան պատերազմը (1913 թ.-ի հունիս – օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ:
Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։

Հայկական բարենորոգումների խնդիրը Անտանտի և Գերմանիայի ու Թուրքիայի բանակցությունների միջև։ Մանդելշտամի ծրագիրը և 1914թ հունվարի 26-ի ռուս-թուրքական պայմանագիրը

Հայկական բարենորոգումներ 1914, Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա ( Բեռլինի կոնգրես 1878), Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստ ված միջոցառումների ծիագիր։ 1912- ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին հայկական հարցի վերաբացման համար։ Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը արևմտյան Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո՝ երիտթուրքերի տիրապետության օրոք (տես երիտթուրքական հեղաշրջում 1908), և Եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտեսական և քաղաքական ներթափանցմանը Օսմանյան կայսրություն։ Ռուսական դիվանագիտության խրախուսանքով Գևորգ Ե Տփղիսեցի կաթողիկոսը 1912-ի հոկտեմբերի 2-ին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցարական կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար։ Միաժամանակ նա հատուկ կոնդակով Պողոս Նուբար փաշային լիազորեց պաշտպանել Հայ դատը եվրոպական մյուս պետությունների մոտ։ Ռուսական կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-ից 24-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *